Armenia-Turkey relations
Ալբի Սաքսը փափուկ վրեժի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և այլ թեմաների շուրջ
FNF South Caucasus
Այս աշուն մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալել դատավոր Ալբի Սաքսին։ Ուրախ ենք ձեզ ներկայացնել դատավորի հետ արված այս հարցազրույցն իր կարճ այցի ընթացքում։ Այս հարցազրույցում դատավոր Սաքսը պատմում է «փափուկ վրեժի» գաղափարի մասին, ներկայացնում է ժողովրդավարական պետության կառուցման Հարավաֆրիկյան Հանրապետության փորձը, կիսում իր մտքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Մեր զրուցակցի մասին
Դատավոր Ալբի Սաքսը թոշակի անցած հարավաֆրիկյան ակտիվիստ, փաստաբան և գրող է, ով եղել է Նելսոն Մանդելայի կողմից Հարավային Աֆրիկայի առաջին Սահմանադրական դատարանում նշանակված 11 դատավորներից մեկը։ Նա մեկուսի բանտարկության է դատապարտվել իր փաստաբանական գործունեության և ապարտեիդի դեմ պայքարի համար՝ ենթարկվելով հարկադրված աքսորի։ 1988 թ. ապրիլի 7-ին նրա նկատմամբ սպանության փորձ է իրականացվել, որից նա հրաշքով փրկվել է՝ մեկ տարի վերականգնողական բուժում ստանալով Անգլիայում։ Այս իրադարձությունից հետո նա հանդես եկավ «փափուկ վրեժ»-ի գաղափարով, ըստ որի՝ բռնության ցիկլը շարունակելու փոխարեն անհրաժեշտ է բռնություն կիրառողներին հասկացնել և հանրային կերպով ընդունել տալ իրենց կատարած մեծագույն վնասները՝ այդպիսով խթանելով ազգի, զոհերի և նույնիսկ ոճրագործների վերականգնման գործընթացը։ Ալբի Սաքսի համար «փափուկ վրեժ»-ը Հարավային Աֆրիկայում օրենքի ուժի, հավասարության, արդարադատության, ազատության և ժողովրդավարության հաստատումն էր։
1990 թ.՝ Նելսոն Մանդելայի ազատումից հետո, Ալբի Սաքսը վերադառնում է Հարավային Աֆրիկա։ Նա աջակցում է նոր Սահմանադրություն կազմելու աշխատանքներին, այնուհետև առաջին 11 դատավորների հետ նշանակվում է որպես նոր Սահմանադրական դատարանի դատավոր։ Նա 15 տարի աշխատել է երկրի դատական համակարգում՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու ուղղությամբ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ մարդու իրավունքների և արդարադատության ոլորտում կատարած աշխատանքի, ինչպես նաև իր հրատարակած գրքերի համար։ 2022 թ. Քլունիների արդարադատության հիմնադրամը սկիզբ դրեց «Ալբի մրցանակ»-ի շնորհմանը՝ ի պատիվ Ալբի Սաքսին՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր այն մարդկանց, ովքեր անմնացորդ աշխատում են մարդու իրավունքների և արդարության համար՝ վտանգելով սեփական կյանքը։